Skip to content

Latest commit

 

History

History
25 lines (13 loc) · 12.4 KB

Opera Browser - A Journey from Inception to Innovation.hy.md

File metadata and controls

25 lines (13 loc) · 12.4 KB

Opera ցանցային դիտարկիչի ստեղծման պատմությունը: Ի՞նչու է այն տարիներ շարունակ համարվել շուկայի լիդերների ամենաարժանավոր այլընտրանքը: Ինչպես նաև Opera - Internet Explorer հակամարտության և Microsoft-ի մանր-մունր ըըը․․․ ճղճիմությունների մասին:

90-ականների կեսերին, երբ ծրագրային ապահովման ինժեներները դեռևս փնտրում էին ցանցային դիտարկիչների համար ինտերֆեյսի լավագույն լուծումներ՝ բացի բոլորին քաջ հայտնի Netscape և Internet Explorer դիտարկիչներից՝ առաջացան նաև ուրիշ այլընտրանքային ծրագրեր։ Շուկայի լիդերների ամենահաջողակ այլընտրանքը դարձավ նորվեգական ընկերության կողմից ստեղծված, և իր նորարարությունների համար չափազանց սիրված Opera ցանցային դիտարկիչը։

Opera-ի պատմությունը սկսվում է դեռևս 1993 թվականից, երբ նորվեգական Telenor (մինչև 1995 թվականը՝ Televerket) ընկերությունում մեկնարկեց հետազոտական ծրագիր, որի նպատակն էր պարզել, թե այդ ժամանակաշրջանի տեխնոլոգիաներն արդյո՞ք թույլ կտան ստեղծել ցանցային դիտարկիչ, որը հնարավորություն կտա վեբ էջերը պատկերել կոռեկտ և միաժամանակ ապահովել համացանցից տեղեկատվության ստացման բարձր արագությունը, թեթև և հարմար ինտերֆեյսը, ծրագրի ոչ մեծ չափերն ու ռեսուրսների հանդեպ մինիմալ պահանջկոտությունը։

1993 թվականի վերջում Televerket ընկերության ծրագրային ապահովման ինժեներներ Յոն Սթեվենսոն ֆոն Տեչների և Գեյր Իվարսյոյի ղեկավարությամբ աշխատող խումբը ներկայացրեց MultiTorg դիտարկիչը, որն այդ ժամանակներում լայնորեն տարածված Mosaic ցանցային դիտարկիչին արժանի այլընտրանք կարող էր հանդիսանալ։ Սակայն Televerket ընկերությունը չգնաց այդ դիտարկիչի հանրայնացման ուղղությամբ, և այն օգտագործվում էր գերազանցապես ընկերության կարիքների համար։

MultiTorg ցանցային դիտարկիչի աղբյուրային կոդը գրվեց «մաքուր» C և C++ ծրագրավորման լեզուներով՝ առանց կողմնակի API-ների օգտագործման, և ստացվեց փոքր ծավալով, արագագործ և համակարգային ռեսուրսների հանդեպ ոչ պահանջկոտ «թեթև քաշային» ծրագիր։ 1995 թվականին արդեն ներկայացվեց դիտարկիչի MultiTorg Opera 1.0 տարբերակը, որին տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետների կողմից տրվեց չափազանց դրական բնութագիր և կանխատեսվեց նրա վերելքը։

Ծրագրի դրական բնութագրերից ոգևորված Յոն Սթեվենսոն ֆոն Տեչները և Գեյր Իվարսյոյը 1995 թվականի օգոստոսի 30-ին հեռացան արդեն Telenor անվանակոչված Televerket ընկերությունից և հիմնադրեցին սեփականը՝ Opera Software AS-ը։ Այդ օրն ընդունված է համարել Opera ցանցային դիտարկիչի ծննդյան օրը։

1996 թվականին ներկայացվեց MultiTorg Opera 2․1 տարբերակը։ Ընկերությունը սկզբնապես տալիս էր դիտարկիչի անվճար օգտագործման 90 օր փորձնական ժամանակ, որից հետո օգտագործման համար պետք էր որոշակի գումար վճարել։ Թեև մինչև 3-րդ տարբերակի թողարկումը Opera-ն այնքան էլ հայտնի չէր, սակայն արդեն ուներ մի շարք առավելություններ շուկայի լիդերներ հանդիսացող Netscape-ի և Internet Explorer-ի համեմատությամբ։ Նախ դիտարկիչի ստեղծողները W3C կազմակերպության (Համացանցի տեխնոլոգիաների մշակման և ստանդարտների ներդրման կազմակերպություն՝ ստեղծված դեռևս համացանցի հայրերից համարվող Թիմ Բերներս Լիի կողմից) հետ գնացին շատ խորը համագործակցության, և ներդրեցին վեբ էջերի արտապատկերման՝ կազմակերպության ստանդարտներին խստորեն համապատասխանության ապահովման հայեցակարգը։ Առաջ քաշվեցին մի շարք նորարարական լուծումներ, որոնք հետագայում օգտագործվեցին նաև այլ դիտարկիչների ստեղծման մեջ։ Մասնավորապես առաջին անգամ Opera ցանցային դիտարկիչում է կիրառվել թաբերի գաղափարը, որը թույլ էր տալիս միաժամանակ արտապատկերել մի քանի վեբ կայքեր և հեշտությամբ անցումներ կատարել մի կայքից մյուսին։

Երրորդ տարբերակից սկսած Opera-ն լայնորեն տարածվեց, և դարձավ արժանի այլընտրանք Netscape-ին և Internet Explorer-ին։ Այն արդեն հուսալի և անվտանգ դիտարկիչի համբավ ուներ, և ամենագլխավորը՝ պահանջկոտ չէր համակարգային ռեսուրսների հանդեպ, 6 մեգաբայթ հիշողության ծավալը լիովին բավարար էր, որպեսզի հնարավոր լինի օգտագործել դիտարկիչի բոլոր հնարավորությունները։

2000 թվականից սկսած դիտարկիչը դարձավ ամբողջովին անվճար, իսկ եկամտի հիմնական աղբյուրը դարձավ գովազդի պարտադիր ցուցադրությունը։ Սկսած 1999 թվականից Opera Software ընկերությունում աշխատանքի անցավ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայտնի նորվեգ գիտնական Հոկոն Վիում Լին։ Նա զբաղեցնում էր ընկերության տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Վիում Լին CSS-ի կոնցեպտի հեղինակն է, և մշակողներից մեկը, մինչ այդ աշխատել էր նաև W3C կազմակերպությունում։

2000-ականների սկզբին Microsoft ընկերության՝ շուկայի նվաճման ագրեսիվ քաղաքականությունը բերեց նրան, որ Internet Explorer-ը մրցակցությունից դուրս թողեց բոլոր ցանցային դիտարկիչներին, այդ թվում սննանկացնելով Netscape Communications ընկերությանը և զբաղեցնելով շուկայի մինչև 92 %-ը։ Հենց այդ ժամանակահատվածում էլ թողարկվեց Opera դիտարկիչի 7-րդ տարբերակը՝ նոր Presto շարժիչի հիման վրա ու CSS-ի բարելավված աջակցությամբ, և հաշվի առնելով նաև, որ այն արդեն անվճար էր տարածվում, կարող էր լրջորեն խարխլել Microsoft-ի դիրքերը շուկայում, քանի-որ հասնելով գերիշխանության, Internet Explorer-ը դադարեցրել էր նորարարական գաղափարների ներդրումն ու հաճախակի թարմացումները։

Microsoft ընկերությունը 2001 թվականից սկսած բոլոր կողմնակի դիտարկիչների համար արգելափակեց մուտքը MSN.com վեբ պորտալ։ Կայքին հնարավոր էր հասանելություն ստանալ միայն Internet Explorer-ի միջոցով։ Այդ ժամանակաշրջանում MSN-ը խոշորագույն վեբ պորտալներից էր, և իր հաճախելիությամբ զիջում էր թերևս միայն Yahoo-ին և Google-ին։ Միայն դժգոհությունների մեծ ալիքի և ԱՄՆ հակամենաշնորհային կազմակերպությունների միջամտությունից հետո այդ արգելքը հանվեց։ Սակայն Microsoft-ն այլ տարբերակ ընտրեց Opera-ի դեմ պայքարելու համար։ 2003 թվականին MSN.com պորտալում միտումնավոր այնպիսի կարգավորումներ արեցին, որ Opera դիտարկիչից կայք մուտք գործելու դեպքում՝ կայքի պարունակությունը երևա աղավաղված (CSS-ի օգնությամբ՝ սահմանները 30 պիքսել դեպի ձախ շեղելով): Դա արվում էր այն նպատակով, որ Opera-ի օգտատերերի մոտ տպավորություն ստեղծվի, թե խնդիրը դիտարկիչի մեջ է։ Opera Software ընկերությունը մի քանի անգամ դիմեց Microsoft-ին այդ խնդիրը կարգավորելու համար, սակայն մերժում ստացավ, ու միայն այն բանից հետո երբ հրապարակային մեղադրեց ընկերությանը մեքենայությունների մեջ և պատասխան քայլեր ձեռնարկեց, Microsoft-ը կատարեց անհրաժեշտ փոփոխությունները։

Google Chrome ցանցային դիտարկիչի ստեղծումը բերեց Opera-ի հանրաճանաչության սրընթաց անկմանը։ V8 շարժիչի շնորհիվ ստանալով JavaScript կոդի կատարման ֆանտաստիկ արագություն՝ մի քանի անգամ գերազանցող ժամանակի բոլոր ցանցային դիտարկիչներին, Chrome-ը դարձավ չափազանց հանրաճանաչ։ Opera ցանցային դիտարկիչի վերջին տարբերակը, որն օգտագործում էր սեփական արտադրության Presto շարժիչը՝ 12-րդ տարբերակն էր։ Սկսած 13-րդից Opera-ն անցավ Chromium տեխնոլոգիայի օգտագործմանը՝ շատերի կարծիքով այդպիսով կորցնելով իր առանձնահատկությունը։

Հիմա էլ Opera-ն հանրաճանաչ ցանցային դիտարկիչների թվում է, և կրկին աչքի է ընկնում իր նորարարական հետաքրքիր լուծումներով։ Մասնավորապես 2016 թվականին նրանք թողարկեցին դիտարկիչի դեսքթոփային տարբերակը՝ ներդրված VPN ծառայության հնարավորությամբ։ Եվ միանգամից ունեցան 2 մլն-ից ավել նոր օգտատերերի հոսք, ինչը բացարձակ ռեկորդ էր դիտարկիչի պատմության մեջ։ Հետաքրքիր է, որ համացանցից օգտվողների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ օգտատերերի ավելի քան 70 %-ը անհանգստանում է իր անձնական տվյալների անվտանգության համար, և Opera-ի այդ նորարարական քայլը՝ ներդնել VPN ծառայությունը հենց դիտարկիչի մեջ, ազատելով օգտատերերին այն ներբեռնելու և ճիշտ կարգավորումներ տալու հոգսից՝ զգալի հաջողություն ունեցավ դիտարկիչի հանրաճանաչությունը կրկին բարձրացնելու համար։